«Վաշինգտոն Փոստ»-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռներ ուղարկելու հնարավորությունը
Ամերիկյան ազդեցիկ The Washington Post հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինա հեռահար թևավոր հրթիռներ՝ «Տոմահավկ» տեղափոխելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, այս թեմայի շուրջ քննարկումները տեղի են ունեցել հուլիսի 11-ին, չնայած այս փուլում այդ հրթիռները չեն ներառվում Կիև տեղափոխելու համար նախատեսված զենքի ցանկում։
Բացի այդ, ըստ հրատարակության, Կիևը, հավանաբար, ԱՄՆ-ից թույլտվություն կստանա, որի համաձայն՝ զինվորականները կկարողանան Ուկրաինայի պահեստում գտնվող 18 «Ատակամ» հրթիռները օգտագործել իրենց ողջ ներուժով։ Հրթիռն ունի 300 կիլոմետր հեռահարություն և կարող է հասնել ինչպես Մոսկվային, այնպես էլ Սանկտ Պետերբուրգին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական բազաներին, օդանավակայաններին և զենքի պահեստներին։
Հոդվածում նշվում է, որ Թրամփը կարող է որոշել «Տոմահավկ» հրթիռները Կիև տեղափոխել ավելի ուշ, եթե Վաշինգտոնին անհրաժեշտ լինի լրացուցիչ լծակներ Մոսկվայի նկատմամբ։
Հրապարակման հեղինակը, հղում անելով իր սեփական աղբյուրին, նշում է, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը հարցրել է Ուկրաինայի նախագահին, թե ինչու Ուկրաինան չի հարվածել Մոսկվային, ինչին Զելենսկին պատասխանել է. «Մենք կարող ենք դա անել, եթե դուք մեզ զենք տաք»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփն ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, և ոչ միայն Մոսկվայի, այլև Սանկտ Պետերբուրգի վրա։