«Վաշինգտոն Փոստ». Դոնալդ Թրամփը և Փիթ Հեգսեթը ռազմամթերքի դեֆիցիտի պատճառով բախվել են միմյանց հետ

12:09, 06.08.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության քարտուղար (նախարար) Փիթ Հեգսեթը ռազմամթերքի դեֆիցիտի պատճառով բախվել են միմյանց հետ։ Այս մասին «Վաշինգտոն Փոստը» գրում է՝ հենվելով աղբյուրների վրա։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ Փիթ Հեգսեթից պատասխան է պահանջել, թե ինչու նրան ճշգրիտ տեղեկատվություն չեն տրամադրել ռազմամթերքի լուրջ դեֆիցիտի մասին։
«Փիթ Հեգսեթը Դոնալդ Թրամփի մոտ, հավանաբար, սխալ պատկերացում է ձևավորել ռազմամթերքի պաշարների վիճակի վերաբերյալ։ Թրամփը կարծում էր, որ այդ հարցն «արդեն լուծված է», սակայն իրականում այդպես չի ստացվել», – գրում է «Վաշինգտոն Փոստը»։
«Վաշինգտոն Փոստի» տեղեկատվությամբ՝ դեֆիցիտը հատկապես զգացվում է հեռահար գործողության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մասով։ Հրատարակության տվյալներով՝ սա պատճառներից մեկն է, որի հետևանքով Թրամփը վերջին օրերին ձեռնպահ է մնացել Իրանի վրա նոր մասշտաբային հարվածներ հասցնելուց։
Պարբերականը գրում է, որ պատերազմի առաջին իսկ ամսին ԱՄՆ-ն օգտագործել է ավելի քան 850 «Տոմահավկ», ավելի քան 1000 «Պատրիոտ» և THAAD համակարգերի հրթիռ, իսկ «ԱՏԱԿԱՄՍ» տեսակի հրթիռների պաշարը, որից կախված է նաև Ուկրաինան, գործնականում սպառված է։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հերքել է այս տեղեկությունը և հայտարարել, որ Հեգսեթը ոչ ոքի մոլորության մեջ չի մցրել և պաշտոնը չի լքում։
Ի գիտություն՝ ավելի վաղ «ՍԻ-ԷՆ-ԷՆ»-ը և «Ռոյթերս»-ը՝ հենվելով աղբյուրների վրա, տեղեկություն էին տարածել, որ ԱՄՆ-ն բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարը փաստացի սպառել է։ Ի պատասխան՝ ԱՄՆ պատերազմի քարտուղար (նախարար) Փիթ Հեգսեթը հերքել էր մամուլում տարածված լուրերը և նշել, որ տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը։

Նմանատիպ