Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Կառավարության վարչակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, տարածաշրջանում առկա իրավիճակը և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին Վրաստանում կատարած այցի և սերտ համագործակցության համար։
Կրկին ընդգծվել է Վրաստանի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։
Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է, որ վրացական կողմը գնահատում է ԵԱՀԿ-ի համանախագահությունը Ժնևյան միջազգային բանակցություններում և մասնակցությունը միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակում։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի իշխանության նվիրվածությանը խաղաղասիրական քաղաքականությանը։
Կառավարության վարչակազմում կայացած հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նշանակությանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Վրաստանի կողմից գործադրած ջանքերին։ Ընդգծվել է, որ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի մնալ եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ երկխոսության կենտրոնական հարթակը։