Վարչապետը հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետը հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանի կառավարության և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերության միջև արդյունավետ համագործակցությունը։

Ըստ նրանց՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը ողջունում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերության որոշումը՝ Վրաստանում, մասնավորապես, Ռուսթավի քաղաքում տարածաշրջանային լոգիստիկ հանգույց կառուցելու մասին, որը ներառում է և՛ պահեստային համակարգ, և՛ ուսումնական կենտրոն։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին կազմակերպության կողմից COVID-19-ի հետևանքները մեղմելուն ուղղված աջակցության համար։ Փոխադարձ պատրաստակամություն է արտահայտվել համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, անվտանգության ու հումանիտար դժվարությունները։ Ընդգծվել է անվտանգության միջազգային մեխանիզմների կարևորությունը և տեղում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը հաստատակամորեն վարում է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն։ Այս համատեքստում նշվել է «Դեօկուպացիայի և հակամարտության խաղաղ կարգավորման պետական ​​ռազմավարությունը», ինչպես նաև խաղաղության նախաձեռնությունը՝ «Քայլ դեպի լավ ապագա», որի նպատակն է բարելավել օկուպացված տարածքում ապրող մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները: Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի Կարմիր Խաչի նախագահ Նաթիա Լոլաձեն։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։