Վարչապետը հանդիպել է «Charoen Pokphand Group»-ի նախագահին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է թաիլանդական խոշորագույն «Charoen Pokphand Group» կոնգլոմերատի նախագահ Քրիս Սուոպակիջ Չեարավանոնտին:
Կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը խոսվել է համագործակցության հեռանկարների մասին, այդ թվում՝ Վրաստանում ռազմավարական նշանակության նախագծերի իրականացման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել Անակլիայի խորջրյա նավահանգստի և Վազիանիի միջազգային օդանավակայանի կառուցման նախագծերին և փոխկապակցվածության էլ ավելի ամրապնդման գործում դրանց նշանակությանը: Հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության պոտենցիալը և վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ երկրում առկա ռեսուրսները:
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է օտարերկրյա ներդրումները և ներդրողներին առաջարկում է կայուն, կանխատեսելի ու գրավիչ բիզնես միջավայր:
Թաիլանդական խոշորագույն «Charoen Pokphand Group» կոնգլոմերատը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սննդի և ագրոբիզնեսի, մանրածախ ու էլեկտրոնային առևտրի, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, ֆինանսների և ավտոարդյունաբերության ուղղություններով: Կոնգլոմերատը ներկայացված է 23 երկրում, ունի ավելի քան 456 հազար աշխատակից, իսկ նրա տարեկան շրջանառությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը:
Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: