Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «DP World»-ի նախագահ և գործադիր տնօրենի հետ
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «DP World»-ի նախագահ և գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ծովային տերմինալների առաջատար օպերատոր «DP World» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ Բին Սուլեյմի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը խոսել են նավահանգիստների և ազատ արդյունաբերական գոտիների զարգացման համար Վրաստանում առկա ռեսուրսների մասին և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։

Իրակլի Ղարիբաշվիլին Սուլթան Ահմեդ Բին Սուլեյմին հրավիրել է Վրաստան՝ ավելի լավ ծանոթանալու երկրի ռեսուրսներին և բիզնես միջավայրին։ «DP World»-ը լոգիստիկ ընկերություն է, որը հիմնված է Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ընկերության եկամուտը 2021 թվականին կազմել է 10,7 մլրդ դոլլար։ «DP World»-ն ամբողջ աշխարհում ունի 78 գործող ծովային և ներքին տերմինալների պորտֆոլիո և ունի ավելի քան 56 000 աշխատող: