Վաղվանից Վրաստանում վերականգնվում է ատամնաբուժական պլանային ծառայությունը
Վաղվանից երկրի մասշտաբով կվերականգնվի ատամնաբուժական պլանային ծառայությունը: Գործունեությունը վերսկսելու իրավունք է ստանում նշված ուղղության ցանկացած կլինիկա, սակայն զուգահեռաբար կշարունակվի մայիսի 11-ից սկսված մոնիտորինգը, որի նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատությունների կողմից հանձնարարականների կատարման ստուգումն է:
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի Առաջին ալիքին ատամնաբուժական գործունեության կարգավորման ծառայությունից, այս պահի դրությամբ գործակալությունում ատամնաբուժական պլանային ծառայության մեկնարկի վերաբերյալ ստացել են 279 հաղորդագրություն, ստուգվել է 191 օբյեկտ, որոնցից 164 կլինիկայի տրվել է գործունեությունը շարունակելու իրավունք:
Ինչ վերաբերում է սակագներին, ինչպես հայտարարել է Ստոմատոլոգների միության նախագահ Քեթի Գոգիլաշվիլին, կլինիկաների մեծ մասն ստիպված կլինի բարձրացնել գինը, քանի որ սահմանված նոր կանոնակարգերը ներառում են ֆինանսական ծախսեր:
Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև մայիսի 22-ն արգելված է ատամնաբուժական պլանային ծառայությունը:
Մայիսի 11-ից սկսվել է ատամնաբուժական հաստատությունների մոնիտորինգը: Ինչ վերաբերում է հանձնարարականներին, որոնց պաշտպանությունը ստոմատոլոգիական կլինիկաների գործունեության վերականգնման անհրաժեշտ պայման է, դրանք հետևյալն են.
Հաստատությունը պետք է հագեցած լինի բնական կամ արհեստական օդափոխման համակարգով, գրանցման վայրում պետք է լինի ապակե պատնեշ: Կլինիկայում պետք է լինի վարակների կանխարգելման և վերահսկման համար պատասխանատու անձ, անձնակազմը պետք է ունենա անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ N95 կամ առավել բարձր մակարդակի պաշտպանության բժշկական դիմակներ: Պացիենտները ևս պետք է ունենան դիմակներ, պաշտպանող ակնոցներ: