Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի բրյուսելյան այցը սկսվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմամբ:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության լրատվությամբ հանդիպմանը ընդգծվել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը և Վրաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող դրական դինամիկան:

Դոնալդ Տուսկը նշել է, որ Վրաստանը Եվրամիության հուսալի գործընկերն է:

Հանդիպմանը զրուցել են նաև «Արևելյան համագործակցություն» գագաթնաժողովի ձևաչափի շուրջ: Տուսկը շեշտել է Վրաստանի դերը «Արևելյան համագործակցության» ծրագրի զարգացման գործում:

Վրաստանի վարչապետը նշել է, որ երկիրը ընթանում է դեպի եվրոպական ընտանիք և այն ռազմավարական պլանը, որը գրված է 2017-2020 թթ. համար կատարվելու է առավելագույնս կարճ ժամկետում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել են վերչերս մեկնարկած Վրաստան-ԵՄ անվտանգության հարցերով բանակցությունները:

Կվիրիկաշվիլին և Տուսկը քննարկել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:

Եվրամիության խորհրդի նախագահը դրական է գնահատել Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը կապված հակամարտության խաղաղ կարգավորմանը և ընդգծել է այդ գործընթացում  Եվրամիության ներգրավածության նշանակությունը:

Դոնալդ Տուսկը հանդիպման ավարտին շնորհավորել է վարչապետին տեղական ինքնակառավարման ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: