Տուլսի Գաբարդ. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հայտարարեց, որ հետախուզության համակարգից տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարը կխստացվի
Ինչպես գրում է «Fox News»-ը, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Տուլսի Գաբարդը հայտարարել է, որ հետախուզության համակարգից տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարը կխստացվի։
«Մեր երկրի հետախուզական ծառայությունները պետք է ամբողջովին կենտրոնացած լինեն ազգային անվտանգության առաքելության վրա։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված տեղեկատվության արտահոսքը խարխլում է ինչպես ազգային անվտանգությունը, այնպես էլ ամերիկյան ժողովրդի վստահությունը։ Այսպիսի գործողություններ չեն հանդուրժվի»,- նշել է Գաբարդը «X» սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ նման արտահոսքերը սովորական երևույթ են դարձել, ինչը նախկինում չի ենթարկվել ո՛չ հետաքննության, ո՛չ էլ որևէ մեկի նկատմամբ պատասխանատվության հարց չի բարձրացվել։
«Սա այսօր կփոխվի։ Մենք արդեն ունենք տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր պատասխանատու են հետախուզական համակարգից տեղեկատվության արտահոսքի համար, և մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց բացահայտելու ուղղությամբ։ Բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծել է Գաբարդը։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նաև թվարկել է մի քանի դեպքեր, երբ տեղեկատվության արտահոսք է եղել հետախուզական համակարգից, այդ թվում՝ գաղտնի տեղեկությունների տարածումը այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են Huffington Post-ը, Washington Post-ը և NBC-ն։
Նրա խոսքով՝ հետախուզական համակարգից արտահոսած տեղեկությունները վերաբերում են Իսրայելի ու Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին։
Գաբարդն ընդգծել է, որ գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածումը օրենքի խախտում է, և նման գործողությունները համապատասխան պատժի կենթարկվեն։