Տրապիզոնում, ոստիկանական բաժանմունքի տարածքում, ենթադրաբար, դրոն է ընկել
Տրապիզոնում, ոստիկանական բաժանմունքի տարածքում, ենթադրաբար, դրոն է ընկել: Այս մասին տեղեկությունը տարածում է թուրքական մեդիան:
Օբյեկտը ընկել է Սև ծովի ափին գտնվող Առսինի շրջանի ոստիկանական բաժանմունքի բակում: Վնասվել են բակում կայանված ավտոմեքենաները, ինչպես նաև կոտրվել են ոստիկանության շենքի և հարակից հաստատությունների պատուհանների ապակիները: Դրոնի ընկնելու պահը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները:
Իրավապահները տարածքը սահմանազատել են, իսկ քրեագետներն ու ականազերծողները ուսումնասիրել են բեկորները:
Միջադեպի վայր ժամանած Տրապիզոնի նահանգապետ Թահիր Շահինը հայտարարել է, որ, նախնական գնահատմամբ, ընկած օբյեկտը անօդաչու թռչող սարք է, սակայն դրա ճշգրիտ ծագումը դեռևս պարզված չէ: Շահինի խոսքով՝ տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Այս փուլում անհայտ է, թե որտեղից է հայտնվել օբյեկտը և ինչու է ընկել:
Միջադեպին նախորդել են Թուրքիայի Սև ծովի ափամերձ գոտու երկայնքով դրոնների հետ կապված մի շարք տագնապներ: Ինչպես գրում է մեդիան, այս փուլում չկա որևէ ապացույց, որ Տրապիզոնում հայտնաբերված օբյեկտը որևէ կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ: