Տրամվայի գծի նախագծման և կառուցման նպատակով հայտարարված տենդերում հաղթել է Թուրքիայում գրանցված համատեղ ձեռնարկությունը

12:32, 15.07.2026

Դիդի Դիղոմին «Դիդուբե» մետրոյի կայարանին միացնող տրամվայի գծի նախագծման և կառուցման նպատակով հայտարարված տենդերում հաղթել է Թուրքիայում գրանցված համատեղ ձեռնարկությունը։ Այս մասին մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Դուք գիտեք, որ մենք նախընտրական խոստում ունեինք՝ պատմական նախագիծ իրականացնելու։ Նկատի ունեմ տրամվայի գիծը։ Սրա հետ կապված բազմաթիվ հայտարարություններ են արվել։ Մենք նաև հայտարարել էինք տենդեր, որտեղ միջազգային և օտարերկրյա ընկերությունները նույնպես հնարավորություն ունեին մասնակցելու նշված նախագծին։ Ցանկանում եմ ձեզ տեղեկատվություն տրամադրել այդ մասին։ Ինչպես հայտնի է, Դիդի Դիղոմին «Դիդուբե» մետրոյի կայարանին միացնող տրամվայի գծի նախագծման և կառուցման նպատակով Ասիական զարգացման բանկի գնումների կանոններով հայտարարված տենդերը բացվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին։ Տենդերին մասնակցելու ցանկություն է հայտնել և համապատասխան առաջարկներ ներկայացրել չորս խոշոր ընկերություն և մեկ համատեղ ձեռնարկություն, որոնցից երեքը գրանցված են Թուրքիայում, իսկ մեկը՝ Չինաստանում։ Ներկայացված առաջարկների գնահատումն արդեն ավարտված է, ունենք հաղթող ընկերություն՝ Թուրքիայում գրանցված համատեղ ձեռնարկություն, որը ներկայացրել է ամենացածր գինը։ ԱԶԲ-ի գնումների կանոնների համաձայն՝ սահմանվել է նաև բողոքարկման 14-օրյա ժամկետ, որի լրանալուց հետո հաղթող ընկերության հետ արդեն պայմանագիր կկնքենք»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ նախագիծը բաղկացած է երեք փուլից՝ հայեցակարգային նախագծի պատրաստում, մանրամասն նախագծի պատրաստում և շինարարական աշխատանքների իրականացում։ Բոլոր երեք փուլերի համար սահմանվել է 36 ամիս՝ պայմանագրի ստորագրման պահից։

Տրամվայի գիծը կսկսվի Դիդի Դիղոմիի երրորդ և չորրորդ միկրոշրջանների միախառնման հարակից տարածքից և Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղու ու Դիղոմիի զանգվածի միջով կմիանա «Դիդուբե» մետրոյի կայարանի հարակից տարածքին։

«Տրամվայի գծի կողմնորոշիչ երկարությունը կազմում է 7,5 կիլոմետր, որտեղ այս ամբողջ ճանապարհի երկայնքով տեղակայված կլինի 11 կանգառ։ Նախագիծը ներառում է նաև համապատասխան դեպոյի կառուցում, որը նախատեսված կլինի 11 տրամվայի կազմի սպասարկման և շահագործման համար։ Գծի կառուցմանը զուգահեռ կհայտարարվի առանձին տենդեր՝ 10 տրամվայի կազմի ձեռքբերման համար, այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- հայտարարել է Կալաձեն։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նախագիծ է։

«Ես անձամբ շատ ուրախ եմ, որ քաղաք կվերադառնա այնպիսի կարևոր հասարակական տրանսպորտ, ինչպիսին տրամվայն է։ Հուսով եմ, որ սա չի լինի առաջին և վերջին նախագիծը, որը կիրականացնեն Վրաստանի իշխանություններն ու մայրաքաղաքի կառավարությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել նախագծի պատրաստման գործում, ովքեր աշխատել են՝ սկսած փոխքաղաքապետից մինչև յուրաքանչյուր շարքային աշխատակից։ Մեր քաղաքի համար իրոք շատ կարևոր է այս նախագծի իրականացումը, և մենք փուլ առ փուլ հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք նշված աշխատանքների վերաբերյալ»,- նշել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ