Տնտեսական համագործակցության շրջանակներում ԱՄՆ պատվիրակությունը 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի կառավարության հետ
Տնտեսական համագործակցության շրջանակներում ԱՄՆ պատվիրակությունը 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի իշխանությունների հետ։
Այս մասին հայտարարել է ռազմավարական աշխատանքային խմբի ԱՄՆ համանախագահ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Քալեբ Օրը Բաքվում կայացած ադրբեջանա-ամերիկյան առաջին տնտեսական երկխոսության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը մտնում է նոր փուլ։
ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ կողմերը նախատեսում են ընդլայնել կապերը տարածաշրջանային խաղաղության, էներգետիկ անվտանգության, առևտրի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
Քալեբ Օրը ընդգծել է, որ պատվիրակության Բաքու կատարած այցի ընթացքում SOCAR-ը և ԱՄՆ մասնավոր հատվածը, ինչպես նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը ստորագրել են ավելի քան 8 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում կոնկրետ նախագծեր, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներ, տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիներ, ավիացիոն համագործակցություն, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառում և Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են, և սա միայն սկիզբն է», – հավելել է Քալեբ Օրը։