«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը քվեարկել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը քվեարկել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում։
Քվեարկությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Մագյարն ասել է, որ սրանք կարևորագույն ընտրություններ են և կոչ է արել քաղաքացիներին իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Նրա խոսքով՝ տվյալները ցույց են տալիս ռեկորդային մասնակցություն, և յուրաքանչյուր ձայն հաշվվում է։
Բացի այդ, ըստ Պետեր Մագյարի, ստեղծվել է կայքէջ, որտեղ ստացվում են հնարավոր ընտրախախտումների մասին հաղորդագրություններ։ Ըստ «Տիսա» կուսակցության առաջնորդի՝ մինչ հիմա ստացվել է մոտ 60 հաղորդում։
Պետեր Մագյարը քաղաքացիներին զգուշացրել է, որ կարող են սադրանքներ իրականացվել։ Նա կոչ է արել Հունգարիայի իրավապահ մարմիններին կատարել իրենց պարտականությունները՝ համաձայն օրենքի։
«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ Արևելք, թե՞ Արևմուտք, քարոզչություն, թե՞ ազնիվ հանրային քննարկում, կոռուպցիա, թե՞ մաքուր հանրային կյանք, հետագա դեգրադացիա, թե՞ եվրոպական միջոցների վերադարձ և հունգարական տնտեսության վերականգնում։ Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կենսապահովման ճգնաժամ, թե՞ արժանապատիվ կյանք։ Այսօր Հունգարիայի ճակատագիրը որոշվելու է շատ երկար ժամանակով։ Ես խնդրում եմ բոլորին քվեարկել ընտրություններում։ «Տիսան» կհաղթի այս ընտրություններում։ Հարցն այն է, թե արդյոք մենք կստանանք երկու երրորդի մանդատ, թե՞ ստիպված կլինենք կառավարել պարզ մեծամասնությամբ։ Շատ ավելի հեշտ, ավելի արդյունավետ և պակաս ցավոտ կլիներ, եթե մեզ տրվեր երկու երրորդի մանդատ։ Այդ դեպքում մենք ավելի հեշտությամբ կքանդենք այս համակարգը, կքանդենք այս սարդոստայնը, որը մեր երկրում է», – ասաց մադյարը։
«Տիսա» կուսակցության առաջնորդը նշեց, որ կարևոր է համարում Հունգարիայի դիրքերի ամրապնդումը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։