Թուրքիայում Վրաստանի դեսպանի տեղեկություններով, երկրաշարժի հետևանքով անհետ կորած համարվող Վրաստանի 10 քաղաքացիների մեծ մասն արդեն հայտնաբերվել և նրանց հետ կապ է հաստատվել
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան ասում է, որ երկրաշարժի հետևանքով անհետ կորած Վրաստանի 10 քաղաքացիների մեծ մասն արդեն հայտնաբերվել է, և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Գիորգի Ջանջղավան ասել է Վրաստանի առաջին ալիքին։ Նրա խոսքով՝ թեժ գիծն աշխատում է նորմալ։
«Այս պահին Վրաստանի միայն մեկ քաղաքացի է մահացել։ Անհայտ կորած 10 քաղաքացիների կեսից ավելիին գտել ենք, մեզ հետ կապվել են։ Մենք շարունակում ենք որոնումները։ Թեժ գիծը հաջողությամբ է աշխատում։ Նրանք մեզ հետ կապվեցին թեժ գծի միջոցով և հայտնեցին Վրաստանի քաղաքացու մահվան մասին։ Կոչ ենք անում Վրաստանում բնակվող մեր քաղաքացիներին հնարավորինս շատ թեժ գծի միջոցով կապ հաստատել մեզ հետ, ովքեր գիտեն, որ իրենց հարազատն աշխատում է Թուրքիայում կամ գտնվում է այնտեղ ինչ-որ այլ պատճառով։
Երկրում ինտերնետը սահմանափակ է, բայց ոչ բոլոր կայմերն են վնասված, և դեռևս կա հավանականություն, որ մեզ հասնի որոշ տեղեկություններ։ Մեզ համար շատ կարևոր և արժեքավոր է ցանկացած քաղաքում կամ մարզում ապրող քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որպեսզի հաջորդ ժամերին և օրերին սկսենք փնտրել նրանց։ Սկսել ենք, բայց եթե ավելի կոնկրետ իմանանք, որտեղ և ինչպես փնտրել»,- ասել է Գիորգի Ջանջղավան։
Նրա խոսքով, դեսպանատունը բոլոր ջանքերը գործադրում է Թուրքիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու համար։
«Ինչպես գիտեք, Թուրքիայում մի քանի տասնյակ հազար Վրաստանի քաղաքացի կա։ Նրանք հիմնականում ապրում են Ստամբուլում, Իզմիրում, Սև ծովի ափին, Անկարայում և այլն։ Արդեն մի քանի հոգի ունենք հյուպատոսական ռեգիստրում, կապվում ենք նրանց հետ։ Փորձեր են եղել կապ հաստատել տարբեր կազմակերպություններում աշխատող մեր քաղաքացիների հետ, այդ թվում՝ մարզիկների։ Ուստի մենք ամեն կերպ փորձում ենք պարզել, թե այս կամ այն քաղաքացին որտեղ է եղել այս երեկո, որպեսզի ավելի հեշտ գտնենք նրան»,- ասել է Գիորգի Ջանջղավան։
Թուրքիայում Վրաստանի դեսպանի խոսքով՝ շատ լավ է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջապես որոշում է կայացրել Վրաստանից փրկարարների Թուրքիա մեկնելու վերաբերյալ։
«Թուրքիայում տագնապ է հայտարարված։ Նրանք աշխարհից օգնություն են խնդրում։ Շատ լավ է, որ Վրաստանի վարչապետն անմիջապես որոշում կայացրեց: Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության 65 հոգանոց խումբն արդեն ճանապարհին է՝ հատուկ տեխնիկայով, շներով և այլն։ Սրանք այն խմբերն են, որոնք պետք են Թուրքիային, քանի որ ձմեռ է, և որոնողական աշխատանքներ իրականացնելը շատ դժվար է։ Մեր նման խմբերի օգնությունը փրկարարական աշխատանքներին շատ օգտակար կլինի Թուրքիային»,- ասել է դեսպանը։
Ջանջղավայի խոսքով, Թուրքիայում կառավարելի քաոս է, սակայն թուրքերն ամեն ինչ անում են գործընթացը ճիշտ կառավարելու համար։ Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան անցել է հատուկ ռեժիմի։
Հարցին, թե կա՞ արդյոք տեղեկատվություն հատուկ մարդասիրական կարիքների մասին, Ջանջղավան ասաց.
«Դա դեռ չի հայտարարվել։ Թուրքիան շատ ուժեղ երկիր է, բայց հենց որ հայտարարվի, բնականաբար, մեր երկիրը կորոշի, թե որքանով կօգնի Թուրքիային, քանի որ Թուրքիան միշտ օգնել է մեր երկրին»,- նշել է Գիորգի Ջանջղավան։