Թուրքիայում ռուսական «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել, հայտնում են լրատվամիջոցները
Թուրքիայում կործանվել է ռուսական հետախուզական անօդաչու թռչող սարք Orlan-10։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Քոջաելի քաղաքի մոտակայքում։
Նախարարության նախնական գնահատականով՝ դրոնը օգտագործվում էր հետախուզության և դիտարկման նպատակներով։ Նրանց տեղեկություններով, դեպքի կապակցությամբ արդեն սկսվել է քննություն։
Հաղորդվում է, որ անօդաչու սարքը հայտնաբերել է տեղի բնակչությունը և անմիջապես տեղեկացրել է տեղական իշխանություններին։ Մեդիայի տվյալներով՝ դեռևս պարզ չէ՝ արդյոք դրոնը խոցվել է, թե կործանվել տեխնիկական անսարքության հետևանքով։
Նշենք, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անօդաչու սարքի հետ կապված երկրորդ դեպքն է։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 16-ին, լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական կործանիչները Սև ծովի վերևում խոցել են անօդաչու սարք։ Թուրքիայի իշխանությունները այդ ժամանակ չեն հայտնել, թե որ երկրին էր պատկանում սարքը։