Թուրքիայում հարձակում է իրականացվել «TUSAŞ»-ի շտաբի վրա, կան զոհեր և վիրավորներ, Թուրքիան կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն
Անկարայում հարձակում է իրականացվել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության «TUSAŞ» ընկերության կենտրոնակայանի վրա։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն։ Նախարարի խոսքով՝ կան զոհեր և վիրավորներ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաստատության մուտքի դարպասի մոտ պայթյուն է որոտացել, որից հետո կրակոցների ձայն է լսվել։
Տեղում մոբիլիզացված են անվտանգության ուժերն ու փրկարար ծառայությունները։
«Անկարայում ահաբեկչություն է իրականացվել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության դեմ։ Ցավոք, հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զարգացումների մասին հանրությունը կտեղեկացվի։ Խնդրում եմ հաշվի առնել պաշտոնական աղբյուրների հայտարարությունները»,- գրել է ՆԳ նախարարը X սոցիալական ցանցում։
Մինչ այդ լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություններ կային, որ ընկերության գլխավոր գրասենյակի մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն։
Ավիատիեզերական արդյունաբերության ընկերության կամպուսում աշխատում է 15 հազար մարդ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ վայրեր։