Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 2920-ը, ավելի քան 15800-ը՝ վիրավորվել են
Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 2920-ը, ավելի քան 15800-ը՝ վիրավորվել են

Թուրքիայի հարավային հատվածում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 2920-ը, ավելի քան 15800 մարդ վիրավորվել է։ Տարերային աղետի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին թարմացված տվյալները տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ հիմնվելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության վրա։

Փետրվարի 6-ի լուսադեմին, 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշ քաղաքի մոտ։ Հետցնցումներ են եղել Թուրքիայի մոտ տասը նահանգներում, այդ թվում՝ Գազիանթեփում, Դիարբեքիրում, Ադանայում, Շանլըուրֆայում, Հաթայում, Մալաթիայում և Քիլիսում։ Ավելի ուշ՝ տեղական ժամանակով 13:24-ին, գրանցվել է 7,6 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի՝ երկրում գրանցվել է 243 կրկնվող հետցնցում, որոնցից մի քանիսը գերազանցել են 7 բալ ուժգնությունը։ Աղետը ավերել է ավելի քան 6200 շենք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, Թուրքիան ցնցել է ամենամեծ աղետը, 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից հետո։