Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1650-ը, ավելի քան 11100-ը՝ վիրավորվել են
Թուրքիայի հարավային հատվածում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1650-ը, ավելի քան 11 100 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրապարակում է տարերային աղետի հետևանքով զոհվածների և վիրավորների թարմացված տվյալները։
Փետրվարի 6-ին՝ լուսադեմին, 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշ քաղաքի մոտ։ Հետցնցումներ են եղել Թուրքիայի մոտ տասը նահանգներում, այդ թվում՝ Գազիանթեփում, Դիարբեքիրում, Ադանայում, Շանլըուրֆայում, Հաթայում, Մալաթիայում և Քիլիսում։ Ավելի ուշ՝ տեղական ժամանակով 13:24-ին, գրանցվել է 7,6 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի՝ երկրում գրանցվել է 145 կրկնվող հետցնցում, որոնցից մի քանիսը գերազանցել են 7 բալ ուժգնությունը։ Աղետը ավերել է ավելի քան 3740 շենք։
Երկրաշարժը ավերիչ է եղել նաև Թուրքիայի հարևան Սիրիայի համար, որտեղ ավելի քան 800 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։