Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ՝ Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1 879 քաղաքացի, որոնցից 260-ի նկատմամբ կիրառվել է կալանավորման միջոց
Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1 900-ի։
Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարի հայտարարությանը։
Ալի Էրիքլեայի խոսքով՝ մարտի 19-ից մինչ օրս ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1 879 մարդ։ Նրա խոսքով՝ նրանցից 260-ի նկատմամբ դատարանը կիրառել է կալանավորման միջոց, 489 մարդ ազատ է արձակվել, իսկ 662-ի գործերը դեռ քննության փուլում են։
Նախարարի խոսքով՝ ցույցերի ժամանակ վնասվածք է ստացել 150 ոստիկան։
Թուրքիայի արդարադատության նախարար Իլմազ Թունչի խոսքով՝ Անկարան եվրոպացի գործընկերներին խնդրել է գործել «ողջամիտ սահմաններում»։
Նրա խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին առաջադրվել են լուրջ մեղադրանքներ, և նրա կալանավորումը անհրաժեշտ էր։
«Մենք չենք ցանկանում որևէ քաղաքական գործչի կալանավորել, բայց եթե կան խախտումների ապացույցներ, դա կկատարվի», – հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին, ինչին հետևել է բողոքի ակցիաների ալիք ողջ երկրում։
Նշենք նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը Էքրեմ Իմամօղլուին, այնուամենայնիվ, հաստատել է որպես նախագահի թեկնածու։