Թուրքիայի նախագահի վարչակազմի տեղեկությամբ՝ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ընթացող պատերազմը և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տեղեկությամբ՝ Էրդողանը աջակցություն է հայտնել Թրամփի վճռական և ուղղակի նախաձեռնություններին՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանը։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Անկարան պատերազմը սկսվելուց ի վեր ձգտում է արդար և կայուն խաղաղության ու հետագայում ևս կշարունակի այդ քաղաքականությունը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդների քննարկման թեմաներից էր նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը, որի շրջանակում Էրդողանն պահանջել է վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել նոյեմբերին, որի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։