Թուրքիայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում չմտնել երկրաշարժից վնասված շենքեր
Թուրքիայում մեկ ժամվա ընթացքում գրանցվել են տարբեր ուժգնության երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը եղել է 6.2 մագնիտուդով։
Ցնցումներն առավել ուժեղ են զգացվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Մարմարա ծովում՝ յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Թուրքիայի իշխանությունները զգուշացնում են բնակիչներին չմտնել երկրաշարժից վնասված շենքեր։ Բացի այդ, բնակիչներին խորհուրդ է տրվում չօգտագործել բջջային հեռախոսներ, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ տների կամ այլ շենքերի փլուզման մասին հաղորդագրություններ չկան։
«Փառք Աստծո, մինչ հիմա ոչ ոք չի զանգահարել 112 և օգնություն խնդրել, ոչ ոք չի ասել, որ իր տունը կամ շենքը փլուզվել է: Մենք ուրախ ենք դրա համար: Բոլոր համապատասխան նախարարությունների և բոլոր համապատասխան ծառայությունների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա», – ասաց Երլիկայան:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ նախնական ստուգումները չեն հայտնաբերել մայրուղիներին և օդանավակայաններին վնաս հասցնելու որևէ դեպք։
«Նախնական ստուգման ընթացքում մայրուղիներում, օդանավակայաններում, գնացքներում և մետրոյում որևէ վնաս չի նկատվել: Մեր թիմերը շարունակում են հսկողությունը: Աստված թող պաշտպանի մեր երկիրը և մեր թանկարժեք ազգը բոլոր տեսակի աղետներից», – ասաց Ուրալօղլուն:
Բացի այդ, սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս շենքերից։