Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը վրացի հրշեջներին հրակայուն համազգեստ է փոխանցել
Թուրքիայի դեսպանատան և Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության աջակցությամբ Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը հանձնվել են հրակայուն հրշեջ-փրկարարական համազգեստներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ հատուկ համազգեստների հանձնման արարողությունն անցկացվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածքում։
Միջոցառմանը ներկա էին ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին, Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը։ Հյուրերը դիտել են հատուկ տեխնիկան և անձամբ ծանոթացել դրա առանձնահատկություններին։
Բացի այդ, արարողությունից հետո տեղի է ունեցել ներքին գործերի փոխնախարարի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի և Թուրքիայի դեսպանի հանդիպումը։
«Կողմերը քննարկել են փոխադարձ համագործակցության հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Թուրքիայի նախագահի կողմից Վրաստանի փրկարարական խմբի ղեկավարին հատուկ պարգեւի՝ «Բարձրագույն նվիրումի շքանշանի» հանձնմանը։ Թուրքիայի դեսպանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը Թուրքիայում փրկարարական առաքելության համար։
2018 թվականին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Թուրքիայի Հանրապետության ՆԳՆ-ի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (AFAD) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել համագործակցությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում: Այդ ժամանակվանից երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայություններն ակտիվորեն համագործակցում են ինչպես արտակարգ իրավիճակների ժամանակ, այնպես էլ վրացի փրկարարների պատրաստման ուղղությամբ։ Այդ համագործակցության շրջանակներում Վրաստանում եւ Թուրքիայում իրականացվել են վրացի փրկարարների մի շարք վարժանքներ եւ վերապատրաստման ծրագրեր»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։