Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները Ստամբուլում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը, ինչպես տարածաշրջանի մյուս հակամարտությունները, չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինը չի ճանաչվել որպես պետություն։ Այս մասին Ստամբուլում իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Գազայի հատվածին ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Հաքան Ֆիդանի խոսքով՝ միջազգային հանրության համար առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի օկուպացիայի դադարեցումը։
«Մեր առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի օկուպացիային դադարեցնելը և երկու պետությունների բանաձևի իրականացումը», – ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Եգիպտոսի արտգործնախարարի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում ռազմական հակամարտությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար։