Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Անկարան կշարունակի աջակցել Վրաստանին եվրատլանտյան քաղաքական և անվտանգության կառույցներին ինտեգրվելու ճանապարհին

17:22, 15.03.2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շնորհավորել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ և ասել, որ Անկարան կշարունակի աջակցել Վրաստանին եվրատլանտյան քաղաքական և անվտանգության կառույցներին ինտեգրվելու ճանապարհին։ Այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո։ Տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները։

Հաքան Ֆիդանը ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում հարգելու անհրաժեշտությունը։

Թուրք դիվանագետի խոսքով՝ նախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և համագործակցության ընդլայնման ուղիները։ Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել եռակողմ համագործակցությունը էներգետիկայի և կապի ոլորտներում։

Ինչպես նշել է Հաքան Ֆիդանը, եռակողմ բանակցություններում ընդգծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորինս արագ գործարկման անհրաժեշտությունը։

«Մենք անդրադարձանք Սեւ ծովի ռազմավարական նշանակությանը ողջ տարածաշրջանի համար, առաջին հերթին՝ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Մենք հաստատել ենք մեր ձգտումը՝ ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կոնկրետ նախագծերի միջոցով»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ