Թուրքիայի արդարադատության նախարարն ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետություն է, և ոչ մի անձի կամ խմբի հատուկ արտոնություններ չեն տրվում

20:03, 19.03.2025

Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունջը արձագանքել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը՝ հայտարարելով, որ Թուրքիան օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետություն է, որտեղ ոչ մի անձի կամ խմբի հատուկ արտոնություններ չեն տրվում։

Նրա խոսքով՝ Իմամօղլուի դեմ իրականացվում են երկու առանձին հետաքննություններ։ Առաջինը վերաբերում է ահաբեկչական կազմակերպության աջակցման և դրդման մեղադրանքներին, իսկ երկրորդը՝ կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, մրցույթների կեղծման, անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և ֆինանսական խարդախության դեպքերին։

Ընդհանուր առմամբ, դատարանը 106 կասկածյալի ձերբակալության հրաման է տվել, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ։ Յիլմազ Թունջը շեշտել է, որ Թուրքիայում օրենքի առջև բոլորը հավասար են, և արդարադատությունը կիրականացվի անաչառ և անկախ դատարանների կողմից։

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է իր տանը՝ լուսադեմին։ Նրան մեղադրում են կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորման աջակցման մեջ։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ Ստամբուլի համալսարանը չեղարկել է Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, ինչի պատճառով նա այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։

Իմամօղլուի ձերբակալության ֆոնին Ստամբուլի նահանգապետի գրասենյակը չորս օրով արգելել է հանրային հավաքները։

Նմանատիպ