Թուրքիան զգուշացնում է իր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել ԱՄՆ և եվրոպական երկրներ
Թուրքիան նախազգուշացնում է այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել ԱՄՆ և եվրոպական երկրներ։ Ինչպես կարդում ենք ԱԳ նախարարության հայտարարություններում, պատճառը օտարերկրացիների դեմ աճող միջադեպերն են, ռասիստական հարձակումներն ու կրոնական անհանդուրժողականությունը, որոնց օրինակ են Թայր Նիկոլսի դեպքին հաջորդած ԱՄՆ-ի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը, ով մահացել է ոստիկանների բռնության հետևանքով։
«Վերջերս ԱՄՆ-ի ողջ տարածքում նկատվել է, որ ռասիստական հիմունքներով օտարերկրացիների դեմ բանավոր և ֆիզիկական հարձակումներ են եղել»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունը կոչ է անում ԱՄՆ-ում բնակվող և մեկնել ցանկացող քաղաքացիներին խուսափել ցույցերից։
«Նախարարությունը մեկ այլ հայտարարության մեջ նշում է եվրոպական որոշ քաղաքներում հակաիսլամական, այլատյացության և ռասիստական գործողությունների աճը, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված խմբավորումների քարոզչական ցույցերը Թուրքիայի դեմ։
«Այս իրադարձությունները արտացոլում են կրոնական անհանդուրժողականության և ատելության վտանգավոր չափը Եվրոպայում՝ հստակորեն բացահայտելով տագնապալի մակարդակը, որին հասել են Եվրոպայում ռասիստական և խտրական շարժումները», – ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև հորդորում է քաղաքացիներին կապվել տեղի անվտանգության ուժերի հետ և հանգիստ գործել այլատյաց կամ ռասիստական ոտնձգությունների կամ հարձակման դեպքում, ինչպես նաև վերահսկել տեղական լրատվամիջոցները և ուշադրություն դարձնել ոստիկանության, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, դեսպանատների և հյուպատոսությունների կողմից տրված զգուշացումներին։