Թուրքիան անընդունելի է համարում իսրայելական բանակի պահանջը՝ Գազայի բնակիչները լքեն իրենց տները և տեղափոխվեն հարավ
Թուրքիան անընդունելի է համարում իսրայելական բանակի պահանջը՝ Գազայի բնակիչները լքեն իրենց տները և տեղափոխվեն հարավ։ Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Գազայի 2,5 միլիոն բնակչությանը, ովքեր գտնվում են ռմբակոծության տակ և զրկված են էլեկտրականությունից, ջրից և սննդից, ստիպել տեղափոխվել չափազանց փոքր տարածք, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և անմարդկային է: Մենք ակնկալում ենք, որ Իսրայելը կհրաժարվի այս լուրջ սխալից և անհապաղ կդադարեցնի իր դաժան և անխտիր գործողությունները Գազայի խաղաղ բնակչության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղեկատվության համար, երեկ ՄԱԿ-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծանուցման համաձայն՝ Գազայից հյուսիս գտնվող պաղեստինցի ողջ բնակչությունը 24 ժամվա ընթացքում պետք է տարհանվի հարավային Գազա։ Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայի խաղաղ բնակիչներին տարհանելու կոչին, ՀԱՄԱՍ-ը Գազայի բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները։