Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջուկային ռեակտորի հարցն ու Սևծովյան նավահանգիստների հասանելիությունը
ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են միջուկային ռեակտորի հարցն ու Սևծովյան նավահանգիստների հասանելիությունը։ Ուիթքոֆը այս մասին խոսել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Մարտի դաշտում տարբեր պայմաններ կան։ Մենք պետք է դա քննարկենք։ Կան տարածաշրջաններ, որոնց վրա, ինչպես բոլորս գիտենք, ռուսները կենտրոնացած են։ Կա միջուկային ռեակտոր, որը զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա է մատակարարում Ուկրաինային։ Սա պետք է լուծվի։ Կա նավահանգիստների հասանելիության խնդիր։ Կա Սևծովյան հնարավոր համաձայնագիր, կան բազմաթիվ տարրեր, որոնք անհրաժեշտ են հրադադարի իրականացման համար»,- ասել է Ուիթքոֆը հարցազրույցում։
Սթիվ Ուիթքոֆն ընդգծել է նաև, որ խոսքը վերաբերում է 2000 կիլոմետր երկարությամբ շփման գծին, ուստի դա բարդ խնդիր է։ Նրա խոսքով՝ բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ եվրոպացիները, պատրաստ են անել ամենը, ինչ անհրաժեշտ է հաջող լուծում գտնելու համար։