Թրամփը Քոնգրեսի առջև ելույթ կունենա ուղերձով
Թրամփը Քոնգրեսի առջև ելույթ կունենա ուղերձով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջև ելույթ կունենա «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով: Ինչպես սպասվում է, Թրամփը կարծարծի տնտեսության, ներգաղթի, ենթակառուցվածքի, անվտանգության և առևտրի հարցերը:

Ավանդույթի համաձայն՝ նախագահի «Երկրի դրության մասին» ուղերձը համարվում է տարվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր ճառը: Այնտեղ պետության ղեկավարն օրենսդիրների առջև հաշիվ է տալիս կատարած աշխատանքի մասին և նշում հաջորդ տարվա գերակայությունները:

Ըստ արարողակարգի Կապիտոլիումի բլրին նիստերի գլխավոր դահլիճում է հավաքվում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքական ընտրախավը՝ փոխնախագահը, սենատորները, Ներկայացուցուցիչների պալատի անդամները և այլք: Բացառություն է արվում նախարարներից մեկի համար, որը պետք է ապահովի իշխանության հաջորդայնությունն ինչ-որ «աղետալի գրոհի» դեպքում. նա սովորաբար ճառին հետևում է «անվտանգ տեղից», որի մասին չի հաղորդվում:

Ճառի սկիզբը, որը հեռարձակում են ԱՄՆ-ի՝ նորությունների բոլոր առաջատար հեռուստաալիքները, պլանավորված է տեղական ժամանակով 21:00-ին:

Ելույթից անմիջապես հետո ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները (այս դեպքում դեմոկրատները) ելույթ են ունենում սեփական ուղերձով՝ ի պատասխան նախագահի ճառի: