Թոնի Բլեր – Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ Չինաստանի վերելքի ֆոնին ավարտվում է Արևմուտքի գերակայությունը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ Արևմուտքի գերակայությունն ավարտվում է Չինաստանի վերելքի ֆոնին։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բլերը հայտարարել է Լոնդոնում կրթական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք մոտենում ենք Արևմուտքի քաղաքական և տնտեսական գերակայության ավարտին»։ Աշխարհը կլինի առնվազն երկբևեռ և, հնարավոր է, բազմաբևեռ: «Ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունները կլինեն Չինաստանից, ոչ թե Ռուսաստանից»,- ասել է Բլերը։
Բլերի կարծիքով՝ աշխարհը շրջադարձային փուլում է, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին կամ Խորհրդային Միության փլուզմանը, սակայն այս անգամ պարզ է, որ Արևմուտքը համապատասխան ազդեցություն չունի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ Արևմուտքը չի կարող հույսը դնել Չինաստանի վրա, որի պահվածքն այնքան ռացիոնալ չի լինի, որքան Արևմուտքն է հավատում։
Թոնի Բլերը կարծում է, որ Չինաստանը Խորհրդային Միություն չէ, և Չինաստանի՝ որպես գերտերության զարգացումը բնական է և արդարացված։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չպետք է թույլ տա Չինաստանին ռազմական առաջխաղացում կատարել։
«Մենք պետք է մեծացնենք ռազմական ծախսերը և պահպանենք ռազմական գերակայությունը։ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է ունենան բավարար լծակներ բոլոր կողմերից որևէ բախման դեպքում»,- ասել է Բլերը։