Թինաթին Բերձենիշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Գիորգի Կալանդարիշվիլիի հետ
Թինաթին Բերձենիշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Գիորգի Կալանդարիշվիլիի հետ

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի Առաջին ալիքի լրատվական և ընթացիկ լուրերի բլոկի ղեկավար Գիորգի Գվիմրաձեն։

Աշխատաժողովի հիմնական թեման ընտրողներին իրազեկելն էր։ ԿԸՀ նախագահը Հանրային հեռարձակողի ներկայացուցիչներին տեղեկատվություն է տրամադրել ընտրական վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են 2024 թվականի հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններին։ Խոսքը քվեարկության նոր համակարգի մասին է, ըստ որի հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ կարևոր է բնակչությանը տեղեկացնել 2024 թվականի ընտրությունների ընտրական համակարգում նախատեսված փոփոխությունների մասին։

«Շատ կարեւոր հանդիպում էր։ Բարեփոխման արդյունքում 2024 թվականին մեզ սպասվում են փոփոխված ընտրություններ, և մեր բնակչության համար կարևոր է տեղեկացված լինել, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին էլեկտրոնային եղանակով։ Հետեւաբար, կարծում եմ, որ ժամանակն է սկսել խոսել այդ մասին։ Հանրային հեռարձակողը հատուկ պարտավորություն ունի աջակցելու ժողովրդավարական գործընթացին, ուստի մենք խոսեցինք, թե ինչ կարելի է անել»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։

Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ ընտրական բարեփոխումների արդյունավետ իրականացումը կախված է իրազեկ ընտրողից։

«Նման լայնածավալ տեխնոլոգիական միջամտությունը, անշուշտ, պահանջում է հանրությանը տեղեկացնել 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր կարևոր և հետևանքային հարցերի մասին։ Ըստ այդմ, ընտրողների ինտենսիվ իրազեկման նպատակով Հանրային հեռարձակողի և ընդհանրապես ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցությունն այսօր ընտրական վարչակազմի օրակարգային առանցքային և առաջնահերթ խնդիրներից է»,- ասաց Գիորգի Կալանդարիշվիլին։