Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժած Հայաստանի 4 քաղաքացուն կտեղափոխեն Երևան
Գարդաբանիի մունիցիպալիտետի Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժած Հայաստանի 4 քաղաքացուն կտեղափոխեն Երևան,- այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Հայտարարությունը տարածվել է դեսպանության ֆեյսբուքյան էջով:
Հայտարարությունում նշված է, որ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին Երևան տեղափոխելու մասին որոշումը կայացվել է ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։
Տուժածներին Հայաստան կտեղափոխեն ռեանոմոբիլներով:
Դեսպանությունը հավելում է, որ վերոնշյալ 4 տուժածից բացի հիվանդանոցներում վթարի հետևանքով տուժած ՀՀ այլ քաղաքացիներ չկան։
Քվեմո Քարթլիում, Թելեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր երկու մարդ: Ավտովթարից տուժած 20 մարդ տեղափոխվել էր Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:
Միմյանց էին բախվել երեք միկրոավտոբուս և մեկ ավտոմեքենա: Զոհվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանցից երկուսը կին է:
Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: