Թելավիի նոր օդանավակայանի շինարարությունը կսկսվի այս տարի և կավարտվի մինչև 2024 թվականի ամառ
Թելավիում նոր օդանավակայանի շինարարությունը կսկսվի այս տարի,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, կառավարությունն այսօր կքննարկի, կհավանի ու կհաստատի հարցը։
«Ինչպես գիտեք, Թելավիում եղել է պատմական օդանավակայան, և մենք ցանկանում ենք այս վայրում կազմակերպել և կառուցել նոր, ժամանակակից ենթակառուցվածք, ստեղծել Թելավիի նոր օդանավակայան։ Այս տարի կսկսենք նախագծել և կառուցել։ Մենք ցանկանում ենք, որ օդանավակայանն ընդունի առաջին ուղևորին արդեն 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Այն շատ շուտով կավարտվի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, նախագիծը կարժենա մոտ 25-30 մլն լարի։
«Ո՞րն է հիմնական գաղափարը. ամբողջությամբ կվերանորոգենք, թռիչքուղին կհասցվի 1700 մետրի, կկազմակերպվեն նավիգացիոն ժամանակակից համակարգեր, կնորոգվեն ողջ ենթակառուցվածքը և կստեղծվեն նոր կայանատեղեր, հարմարավետ տարածքներ ուղևորների համար»,-նշեց Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թելավին կունենա ժամանակակից օդանավակայան։
«Սա նշանակում է, որ ոչ միայն մեր քաղաքացիները, այլեւ զբոսաշրջիկները կկարողանան ցերեկային ժամերին հարմարավետ թռչել՝ Թելավիից շարժվելով Բաթումի, Մեստիա, Ամբրոլաուրի, Քութայիսի։ Պետք է զարգացնել ներքին թռիչքները, ներքին ավիացիան։ Այդ նպատակով կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ օգնում է տեղական ընկերություններին, և մենք էլ ավելի կընդլայնենք այդ ուղղությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ երկրում կլինի վեց ժամանակակից օդանավակայան։
«Թելավիի օդանավակայանը լրացուցիչ գրավչություն կստեղծի զբոսաշրջիկների և մեր քաղաքացիների համար։ Այն կդառնա էլ ավելի հարմարավետ, իսկ շարժումը՝ էլ ավելի արագ»,- հավելել է Իրակլի Ղարիբաշվիլին։