Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության օրերին հարձակում չիրականացնել, հակառակ դեպքում պատասխանը խիստ կլինի
Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ զերծ մնալ հարձակումներից այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության և սգո օրերին։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահիի խոսքով՝ նման քայլի դեպքում Իրանի պատասխանը խիստ կլինի։
«Մենք զգուշացնում ենք Իրանի թշնամիներին, հատկապես ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին, զերծ մնալ ցանկացած սխալից և մտածել այն կոշտ պատասխան միջոցառումների մասին, որոնք մեր զինված ուժերը կիրականացնեն մեր երկրի դեմ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի դեպքում», – ասել է նա։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարություն մի քանի օր առաջ արել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ հարձակման դեպքում Թեհրանը «անհապաղ և ուժգին կարձագանքի»։
Հիշեցնենք, որ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 28-ին։ Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկությունը հաստատեցին մարտի 1-ին։ Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման առաջին իսկ օրը, երբ Թեհրանում հարձակում է իրականացվել նրա նստավայրի վրա։ Հոգևոր առաջնորդի հուղարկավորությունը հետաձգվել է ռազմական գործողությունների պատճառով։