Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին գործնական հանդիպում է ունեցել Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի հետ։
Նախարարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի կառավարության խաղաղարար քաղաքականության ռազմավարական վերանայման ընթացիկ գործընթացը, մասնավորապես՝ հաշտեցման և ներգրավման գործընթացը և ապագայում նախատեսվող քայլերը, որոնց մասին տեղեկությունը պետնախարարը մանրամասն ներկայացրել է դեսպանին:
«Զրույցը շոշափել է նաև Վրաստանի օկուպացված շրջաններում ԵՄ ակտիվ ներգրավվածության դերը և պատերազմի հետևանքով տուժած հասարակությունների միջև վստահության վերականգնմանն ու հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելուն ուղղված ընթացիկ և ապագա նախագծերի իրականացման կարևորությունը։ Թեա Ախվլեդիանին շնորհակալություն է հայտնել Կառլ Հարցելին՝ ԵՄ-ի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում աջակցության և չճանաչման քաղաքականության իրականացման համար։ Հանդիպումն անցել է աշխատանքային ճաշի ձևաչափով։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության և քայլերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։