Թեա Ախվլեդիանին հանդիպել է Մարինա Կալիուրանդի և Սվեն Միքսերի հետ
Թեա Ախվլեդիանին հանդիպել է Մարինա Կալիուրանդի և Սվեն Միքսերի հետ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին աշխատանքային ընթրիքին հանդիպում է ունեցել Վրաստան-ԵՄ ասոցիացիայի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալիուրանդի և Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միքսերի հետ։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի գրասենյակի հաղորդմամբ՝ Թեա Ախվլեդիանին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացին ցուցաբերած ուժեղ աջակցության համար։ Այս համատեքստում ընդգծվել է Վրաստանին եվրոպական հեռանկար տալու կարևորությունը։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող ընթացիկ հարցեր։ Բացի այդ, քննարկվել են Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների առումով ստեղծված բարդ իրավիճակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության առաջընթացն ու ապագա տեսլականները։

Եվրախորհրդարանի անդամները ևս մեկ անգամ հաստատել են Եվրամիության անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։

Բացի այդ, հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և մարդու իրավունքների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Նիկո Թաթուլաշվիլին»,- նշվում է Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմի հաղորդագրության մեջ։