Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային տնօրեն Դենիզ Դուրանի հետ։ Տեղեկությունը տարածում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ նրանց՝ պետնախարարը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ որպես չեզոք միջնորդի և մարդասիրական մասնակցի դերն ու ակտիվ ներգրավվածությունը Վրաստանում անհայտ կորածների և նրանց ընտանիքների որոնման ծրագրում։ Թեա Ախվլեդիանին ընդգծել է անհայտ կորածների որոնման գործընթացի հետագա կայունության ապահովման կարևորությունը՝ ինչպես անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի որոշման, այնպես էլ արհեստականորեն բաժանված բնակչության միջև վստահության վերականգնման առումով: Կողմերը քննարկել են անհայտ կորածներին գտնելու և նրանց ընտանիքներին օգնելու ծրագրի ձեռքբերումները, ընթացիկ խնդիրներն ու ապագայի տեսլականները։
Կառավարության աշխատակազմում հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սեվերին Շապազը և Կովկասում անհայտ կորածների գծով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դեսպան Դանիել Մաքսվինը։