Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հուբերտ Քնիրշի հետ, որը տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշի ձևաչափով։
Ըստ պետնախարարի գրասենյակի, կողմերը քննարկել են հաշտեցման և ներգրավման քաղաքականության ռազմավարական վերանայման գործընթացը և ապագա քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունից տուժած բնակչության մասին հոգալու և նրանց սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու, ինչպես նաև երկխոսության, վստահությամբ հաստատման ուղղությամբ:
«Պետնախարարը դիվանագետի հետ հանգամանորեն քննարկել է Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև ազատ տեղաշարժի սահմանափակումներից բխող մարտահրավերները, որոնք սրվել են համաճարակի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների դեպքերին»,- նշված է պետական նախարարի հայտարարության մեջ:
Ըստ նրանց, պետնախարարը շնորհակալություն է հայտնել գերմանացի դիվանագետին Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ նրա ամուր դիրքորոշման, ինչպես նաև Վրաստանի խաղաղ քաղաքականության ու պատերազմից քայքայված հասարակության վստահության վերականգնմանն ուղղված ջանքերին աջակցելու համար։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ Վրաստանում հակամարտության, այս երկու շրջաններում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի և այդ հարցում Գերմանիայի աջակցության հնարավորության շուրջ։ Խոսեցինք նաեւ այս ոլորտում աշխատող գերմանական կազմակերպությունների մասին։ Ես շատ եմ գնահատում այն անկեղծ և բաց զրույցը, որը մենք մշտապես ունենում ենք պետնախարարի հետ։ Շատ լավ է, որ մենք նման սերտ համագործակցություն ունենք Վրաստանի կառավարության հետ»,- ասել է Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը։