Թեա Ախվլեդիանին բացել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով մշակութային և կրթական սեմինարը
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին բացել է մշակութային-կրթական սեմինար՝ նվիրված Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերին, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։
Պետնախարարը էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված՝ Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի մարզերից, ինչպես նաև Թբիլիսիի ոչ վրացալեզու դպրոցներից սեմինարին մասնակից ուսուցիչներին շնորհավորել է մանկավարժների մասնագիտական օրը և ընդգծել նրանց անչափելի դերը հաջորդ սերնդի արժանապատիվ կրթության գործում:
Պետնախարարը ուսուցիչներին ներկայացրել է աշխատակազմի գործունեության երկու՝ ինչպես հաշտեցման և ներգրավվածության, այնպես էլ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման քաղաքականության ուղղությամբ առկա առաջնահերթությունները, ձեռք բերված արդյունքները և հետագա ծրագրերը, որոնց իրականացման գործում ուսուցիչների ներգրավվածությունն անհրաժեշտ առաջնահերթություններից է։ Այս համատեքստում դրված նպատակների վերաբերյալ Թեա Ախվլեդիանին ուսուցիչների հետ քննարկեց երկրին եվրոպական հեռանկար տալու կարևորությունը։
«Նախ ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի բոլոր ուսուցիչներին՝ Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, հատկապես այսօրվա մեր միջոցառմանը մասնակցող ուսուցիչներին, ովքեր դասավանդում են ոչ վրացալեզու դպրոցներում։ Նրանց առաքելությունն ավելին է, քան մասնագիտական պատասխանատվությունը, քանի որ մեր երկրի ազգային շահերին համապատասխանող արժեքների ձևավորումը, որոնք նրանք ձևավորում են մատաղ սերնդում, իսկապես պահանջում է լրացուցիչ ջանքեր, այդ թվում՝ քաղաքացիական իրավահավասարության գործընթացի հաջող իրականացման համար։ Վրաստանի եվրոպական հեռանկարը ծառայում է երիտասարդ սերնդի համար ավելի լավ ապագա ստեղծելուն։ Ուստի այսօրվա սեմինարին մասնակցելը և առհասարակ այդ միջոցառումների անցկացումը հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ ուսուցիչները ծանոթանան Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների իրականացման գործընթացին»,- ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։
Սեմինարի մասնակիցներին խոսքով դիմել են Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամարա Մախարաշվիլին և ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թամարա Ծուլեյսկիրին։ Երկօրյա սեմինարին մասնակցում է շուրջ 30 ուսուցիչ։ Մշակութային և կրթական սեմինարը ներառում է հանդիպումներ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, համայնքային փորձագետների և միջազգային գործընկերների հետ:
Միջոցառման շրջանակներում մասնակիցները կայցելեն Օկուպացիայի թանգարան։ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի շուրջ մշակութային և կրթական սեմինարների ցիկլը իրականացվում է Վրաստանի պետնախարարի գրասենյակի և ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի համատեղ գործընկերությամբ, որն աջակցում է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Սեմինարի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։