Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին այցելել է Կախեթիի շրջանի Ախմետայի քաղաքապետարան։
Թեա Ախվլեդիանին Ախմետայում հանդիպում է ունեցել «Կանանց սենյակի» ներկայացուցիչների հետ, որտեղ խոսել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունների իրականացման մասին։ Պետնախարարը կարևորել է այս գործընթացում կանանց ակտիվ ներգրավվածությունը, ինչը կապված է նրանց հզորացման և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներգրավվածության մեծացման հետ։ Թեա Ախվլեդիանին եղել է նաև Ջողոլո գյուղում և հանդիպել Պանկիսիի հովտի հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ։ Պետնախարարը կարևորել է էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիությունը, քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության շրջանակներում այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը և ապագայում նախատեսվող միջոցառումները։ Համայնքների ինտեգրման գործընթացում ընդգծվել է ուսուցիչների կարևոր դերը, ովքեր առանձնահատուկ ներդրում ունեն համայնքում հասարակական կարծիքի ձևավորման և երիտասարդության իրազեկման գործում։
Այցի ընթացքում պետնախարարն այցելել է Դումաստուրի գյուղի մարզադահլիճ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարի տեղակալ Էմի Կլենի հետ նվիրել միջազգային ստանդարտ ձյուդոյի տատամի, որը ձեռք է բերվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցությամբ։ Թեա Ախվլեդիանին հույս է հայտնել, որ սպորտային միջոցառումների խթանումը կխրախուսի տեղի երիտասարդների հետագա ձեռքբերումները, ավելի շատ շփումը հասակակիցների հետ ու ինտեգրումը:
Պետնախարարը Դումաստուրի գյուղում ներկա է գտնվել նաև Գիորգի Սոսիաշվիլիի «Լացի պատը» գրքի շնորհանդեսին։