Թեա Ախվլեդիանին ամենամյա հանդիպում է անցկացրել Աբխազիայում ռազմավարական գործընկերության շրջանակներում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ամենամյա հանդիպում է անցկացրել Աբխազիայում Ռազմավարական գործընկերության շրջանակներում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թեա Ախվլեդիանին կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ներառյալ հաշտեցումն ու ներգրավվածությունը, և այս համատեքստում շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աջակցելու համար։ Միաժամանակ ընդգծվել է համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հաղթահարելու հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ցխինվալի տարածաշրջանի արհեստական մեկուսացման հետևանքով, որը հատուկ նշանակություն է ստանում Covid-19 համաճարակի հետ կապված մարտահրավերների լույսի ներքո։
Կողմերը մանրամասն քննարկել են աբխազական տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև համաճարակի հետևանքով առաջացած կարիքները։ Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են իրենց ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները:
Իր հերթին Թեա Ախվլեդիանին ներկաներին ներկայացրեց հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության իրականացումը, ձեռք բերված արդյունքները և ապագա տեսլականները, որոնց նպատակն է, մի կողմից, հոգ տանել հակամարտությունից տուժած բնակչության և նրանց սոցիալ-տնտեսական պայմանների մասին, մյուս կողմից՝ վերականգնել երկխոսությունն ու վստահությունը արհեստականորեն բաժանված հասարակությունների միջև՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2010 թվականի պետական ներգրավվածության ռազմավարության և դրան կից գործողությունների ծրագրի ռազմավարական վերանայման գործընթացին, որն իրականացվում է հանրության լայն մասնակցությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել և էլ ավելի խորացնել սերտ համագործակցությունը այս և այլ հարցերի շուրջ։