«The Wall Street Journal».- ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, ուղղակի հրահանգ չի տվել Ալեքսեյ Նավալնիին սպանել գաղութում
«The Wall Street Journal».- ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, ուղղակի հրահանգ չի տվել Ալեքսեյ Նավալնիին սպանել գաղութում

Ըստ ԱՄՆ հետախուզական ծառայությունների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, ուղղակի հրաման չի տվել գաղութում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին սպանելու մասին։

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա։

Լրատվամիջոցը, սակայն, նշում է, որ դա չի ազատում ռուս առաջնորդին Նավալնիի մահվան համար վերջնական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով ընդդիմադիր գործչի երկար տարիների հետապնդումները, նրա դեմ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները և 2020 թվականին նրա թունավորումը նյարդային նյութով։

Հրատարակության համաձայն՝ այս եզրակացությունը լայնորեն ընդունում են ԱՄՆ հետախուզությունը, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը և Պետդեպարտամենտի հետախուզության բաժինը։

ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատականը հիմնված է մի շարք տեղեկատվության վրա, ներառյալ գաղտնի հետախուզական տվյալները և հանրային նյութերի վերլուծությունը:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարին 47 տարեկան հասակում խիստ ռեժիմի գաղութում։ Ընդդիմադիրի դաշնակիցները նրա սպանության մեջ մեղադրում են Ռուսաստանի նախագահին։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Wall Street Journal-ի հոդվածին՝ ասելով, որ այն պարունակում է «դատարկ շահարկումներ»։

«Ես տեսա նյութը, չէի կարող ասել, որ դա բարձրակարգ նյութ է, որն արժանի է ուշադրության»,- ասել է Պեսկովը։