The Times of India հրատարակությունը Վրաստանը ներառել է լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Հնդկաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող անգլալեզու հրատարակությունը՝ The Times of India-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ Հրատարակությունը նշում է լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային գործակալությունը։
Ճանապարհորդությունների ցանկի առաջին տեղում Վրաստանն է։ Վրաստանի հետ մեկտեղ հրատարակությունն ընթերցողներին առաջարկում է ուղևորություն դեպի Բութան, Շրի Լանկա, Օման և Մադագասկար։
«Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Վրաստանը հպարտանում է իր զարմանալի բնությամբ, այստեղ ձյունածածկ Կովկասյան լեռները ձգվում են մինչև Սև ծով։ Թբիլիսին գրավում է ճանապարհորդներին իր պատմական ճարտարապետությամբ, բազմազան շուկաներով և արվեստի գլուխգործոցներով: Վրաստանում դուք կբացահայտեք հնագույն վանքեր, կհամտեսեք զարմանալի գինի և կհանդիպեք հյուրընկալ մարդկանց»,- գրում է The Times of India-ն Վրաստանի մասին։
Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ The Times of India-ն ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր ընթերցողներ և բաժանորդներ ունի: