«The Times». նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է անում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է անում պաշտպանության վրա ծախսել իրենց ՀՆԱ-ի ոչ թե 2%, այլ 3%-ը։
Այս մասին հայտնում է «The Times»-ը՝ հիմնվելով աղբյուրի վրա։
Ըստ ամսագրի աղբյուրի՝ Թրամփը պաշտպանության ծախսերի հետ կապված նոր նպատակ ունի, ինչի վրա ազդել է ապրիլին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ ունեցած հանդիպումը։
«Թրամփը դիտարկում է ծախսերը 3 տոկոսի հասցնելու հնարավորությունը, որը չի ներառում Ուկրաինային հատկացվող միջոցները»,- գրել է The Times-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած անձին։
Այսօր ՆԱՏՕ-ի միայն երեք երկրներ են պաշտպանության վրա ծախսում ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը՝ ԱՄՆ-ը, Լեհաստանը և Հունաստանը։
Լեհաստանի նախագահը բազմիցս բարձրացրել է այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նվազագույն շեմը պետք է բարձրացվի, և, ինչպես գրում է հրատարակությունը, նա այս կոչը կհնչեցնի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։