The New York Times. Դոնալդ Թրամփն անձամբ հաստատել է հարկատուների միջոցներից 20 միլիոն դոլարի օգտագործումը՝ ազգային հեռուստատեսությամբ գովազդային տարածք ձեռք բերելու համար
Screenshot
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հաստատել է հարկատուների միջոցներից 20 միլիոն դոլարի օգտագործումը՝ ազգային հեռուստատեսությամբ գովազդային տարածք ձեռք բերելու համար: Ֆինանսական միջոցները կօգտագործվեն միջանկյալ ընտրություններից առաջ նրա նախագահությունը գովաբանելու համար: Այս մասին «The New York Times»-ը գրում է՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ Թրամփը ցանկանում է գովազդներ հեռարձակել և անձամբ հանձնարարել է Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վոթին դաշնային բյուջեում գտնել անհրաժեշտ Միջոցները:
«The New York Times»-ը գրում է, որ սեպտեմբերի 19-ին Կառավարման և բյուջեի գրասենյակը Մաքսային և սահմանային պահպանության հիմնադրամներից 20 միլիոն դոլար է փոխանցել բյուջեի «Մեկ մեծ, գեղեցիկ օրինագծի նշանավորման Միջոցառումներ» անվանմամբ կատեգորիային:
Նրանց փոխանցմամբ՝ առայժմ եթեր է հեռարձակվել չորս գովազդ, որոնք քննադատներն անվանում են ապօրինի պետական քարոզչություն: Գովազդները հեռարձակվել են «Fox News»-ով, «CNN»-ով և «MS Now»-ով:
Սպիտակ տունը տեղի ունեցածի հետ կապված հայտարարել է, որ գովազդները նպատակահարմար են, քանի որ դրանք հեռուստադիտողներին չեն կոչ անում քվեարկել որևէ թեկնածուի օգտին:
Հատկանշական է, որ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարգելի «CNN»-ի, «MS NOW»-ի և «Politico»-ի ներկայացուցիչների մուտքը Սպիտակ տուն: Թրամփն այս որոշումը բացատրել էր «նրանց մշտական կեղծ ռեպորտաժներով»: Ավելի ուշ լրատվամիջոցների համար սահմանված սահմանափակումը հանվեց: