Թբիլիսյան կայմը լուսավորվել է ԵՄ դրոշի գույներով։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Կայմի լուսավորության մասին որոշումը կապված է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականի հետ։
Եվրահանձնաժողովի այս հանձնարարականով Եվրոպան կայացրել է Վրաստանի համար պատմական նշանակություն ունեցող ևս մեկ որոշում»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։
Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։