Թբիլիսիում Ուկրաինայից ժամանած աշակերտների համար կբացվի ուկրաիներենի բաժին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թբիլիսիում Ուկրաինայից ժամանած աշակերտների համար կբացվի ուկրաինախոս հատված։ Այդ մասին տեղեկություն է տարածում Կրթության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ որոշումն անձամբ է ներկայացրել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրի Կասյանովին։
Կրթության նախարարության փոխանցմամբ՝ Միխեիլ Չխենկելին նախարարությունում հյուրընկալել է Անդրեյ Կասյանովին և քննարկել Վրաստանի դպրոցներում Ուկրաինայից ժամանած աշակերտներին ընդունելու հարցը։ Ինչպես հանդիպմանը նշել է նախարարը, սա շատ կարևոր որոշում է, որը հնարավորություն կտա ուկրաինացի ուսանողներին կրթություն ստանալ մայրենի լեզվով։ Կրթության և գիտության նախարարությունն արդեն աշխատում է այս ուղղությամբ։ Միխայիլ Չխենկելիի խոսքով, Վրաստանի կառավարության աջակցությամբ ուկրաինացի աշակերտների համար արդեն բացվել են վրացական պետական և մասնավոր դպրոցների դռները, և նրանց ընդունելությունն ընթանում է։ Առկա տվյալների համաձայն՝ Թբիլիսիում և մարզերում արդեն ընդունվել է տարբեր տարիքի 190 աշակերտ։
Գերատեսչության տվյալներով՝ Անդրեյ Կասյանովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, Վրաստանի վարչապետին և կրթության և գիտության նախարարին՝ ուկրաինացի ժողովրդի և ուսանողների մեծ աջակցության համար և ասել, որ դեսպանությունն ակտիվորեն ներգրավված է լինելու ուկրաինալեզու բաժնի ստեղծման գործում։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ այն դպրոցականները, ովքեր Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում չեն կարողանում հանրակրթությունը շարունակել ուկրաինական դպրոցներում և ցանկություն են հայտնում ուսումը շարունակել Վրաստանում, ընդունվում են դպրոցներ։ Նշենք, որ Ուկրաինայից երեխաներին հոգեսոցիալական աջակցություն են ցուցաբերում Ռեսուրսների ծառայության հոգեբանները։ Կարևոր է նշել, որ այս տեղեկատվությունը տարածվելուն պես տասնյակ շահագրգիռ անձինք դիմել են ռեսուրսների ծառայության Հոգե-սոցիալական ծառայության կենտրոն։