Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հետաձգվել են «Գինու օրեր Վրաստանում» փառատոնի նախատեսվող միջոցառումները
Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության պատճառով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հետաձգվել են «Գինու օրեր Վրաստանում» փառատոնի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները։
«Կիսում ենք մահացած դեռահասի ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների վիշտը»,- ասված է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։