Թբիլիսիում շարունակվում է էլեկտրամոբիլների անվճար լիցքավորման կայանների տեղադրումը
Մայրաքաղաքում շարունակվում է անվճար էլեկտրական լիցքավորիչների տեղադրման գործընթացը: Լիցքավորիչներն արդեն տեղադրված են՝ Գլդանիում, Սաբուրթալոում, Նաձալադևիում, Դիդուբեում, Վակեում, Սամգորիում, Չուղուրեթիում և Իսանիում,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, տեղի ունեցած մրցույթի պայմանների համաձայն, մայրաքաղաքի տարածքով տեղադրվելու է մոտ 60 էլեկտրամոբիլների լիքցավորման կայան:
«Մենք ստեղծել ենք հատուկ վեբ հարթակ` WWW.CHARGERS.TBILISI.GOV.GE, որտեղ էլեկտրամոբիլների սեփականատերերը կարող են գրանցվել: Այսօրվա դրությամբ քաղաքապետարանում գրանցվել է 118 հայտ: Կոնկրետ շրջաններում մոնտաժված է 28 լիցքավորման կետ, 12 կայանի տեղադրումը կավարտվի մոտ օրերս: Հարկ է նշել, որ մեկ տարի անց լիցքավորումը կլինի վճարովի»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը կոչ է արել էլեկտրամոբիլների սեփականատերերին լինել ակտիվ և գրանցվել այդ կայքում: