Թբիլիսիում, Ռուսթավիում և Մցխեթայում ջրամատակարարման համակարգերը բարելավելու համար ներդրվելու է 166 միլիոն լարի
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (ՎԷԿԱՀ) համաձայնեցրել է «Ջորջիա ուոթեր էնդ փաուեր» ՍՊԸ-ի և «Ռուսթավի ջուր» ՍՊԸ-ի 2021-2023 թվականների ծրագրերը:
Կազմակերպության փոխանցմամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի ջրամատակարարման համակարգերում ներդրվելու է 166 000 000 լարի: Ներդրումային ծրագրերը կբարելավեն խմելու ջրի շարունակականությունը, մատակարարման հուսալիությունն ու որակը:
Թբիլիսիում և Մցխեթայում գործող «Georgian Water and Power» ՍՊԸ-ն, ըստ ներդրումային ծրագրի, առաջիկա երեք տարիների ընթացքում Թբիլիսիում կիրականացնի 149,000,000 լարիի ներդրում, իսկ Մցխեթայում՝ 6,500,000 լարի: «Ռուսթավի ջուր» ՍՊԸ-ի ներդրումների ծավալը 2021-2023 թվականներին կազմում է 10 500 000 լարի: Ներդրումային ծրագրերի շրջանակներում կվերականգնվեն ջրամատակարարման ենթակառուցվածքները, կկատարվեն խմելու ջրի և կոյուղագծերի վթարները նվազեցնելու ուղղությամբ աշխատանքներ», – ասվում է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի հայտարարության մեջ: